Քաղաքական հեռավորություն Երևան-Բաքու

Լեռնային Ղարաբաղի պատերազմը Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված ամենաարյունալի էթնիկ հակամարտություններից մեկն է: Հակամարտությունը մնում է չլուծված գրեթե երեսուն տարի: Երկու հարևան երկրների միջև սահմանը փակ է՝ առանց սոցիալական կամ մշակութային փոխանակումների որևէ հնարավորության երկու ժողովուրդների միջև, որոնք խաղաղորեն ապրել և գոյակցել են առնվազն յոթանասուն տարի:

Արցախյան պատերազմը ընդհանուր առմամբ հանգեցրել է շուրջ 35.000 մարդու մահվան, 70.000 վիրավորի և 4400 անհայտ կորածների: Պատերազմի սկզբից ի վեր և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հաղորդել են հրադադարի ռեժիմի ավելի քան 7000 խախտումների մասին, իսկ հակամարտությունը մի քանի անգամ սրվել է՝ 2016 թ.-ին լինելով ամենաարյունահեղը՝ խլելով շուրջ 200 զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքեր, որոնց մեծ մասը երիտասարդներ էին: Տարածաշրջանը կայունացնելու քաղաքական երկխոսությունները շարունակում են մնալ անհաջող ավելի քան քսանհինգ տարի։

Համաձայն Բոննի միջազգային փոխակերպման կենտրոնի «Միլիտարիզացիայի գլոբալ ինդեքս» 2019թ.-ի զեկույցի տվյալների՝ Հայաստանը և Ադրբեջանը բարձր են դասակարգված այն երկրների առաջին տասնյակում, որոնք ռազմական ոլորտին տրամադրել են առավել զգալի քանակությամբ ռեսուրսներ՝ ի համեմատ այլ ոլորտների: Բացի այդ, Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի Համաշխարհային ռազմական ծախսերի տվյալների շտեմարանի տվյալների համաձայն, Հայաստանը աշխարհի 6-րդ, իսկ Ադրբեջանը՝ 12-րդ երկիրն է՝ ՀՆԱ-ի տոկոսային հարաբերակցությամբ ունեցած ռազմական ծախսերի։ Իսկ մինչ այդ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավիճակը օրեցօր վատթարանում է երկու երկրներում և սրվեց հատկապես այս տարվա սկզբին՝ համաշխարհային COVID-19 համավարակի ընթացքում։

Հայաստանում և Ադրբեջանում համավարակի կառավարման փորձերը ցույց են տալիս, որ արևելաեվրոպական երկու ժողովուրդներն ունեն տնտեսական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսների անբավարարություն՝ առողջապահության համակարգը կայունացնելու, մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու, տնտեսական ապակայունացման, սոցիալական արմատականացման կանխարգելման և մշակութային կյանքի վրա համավարակի կործանարար ազդեցության նվազեցման համար:

Մենք՝ «Պատվի Շարժումը» ՀԿ անդամները, համոզված ենք, որ միջազգային վեճերը կարող են և պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով՝ բացառելով բռնության գործադրման կամայական դրսևորում։ «Պատվի Շարժումը» պատվով և ցավով է հիշում հակամարտության հետևանքով զոհված, վիրավոր դարձած, անհետ կորած և տեղահանված անմեղ մարդկանց: Մենք կանգնած ենք պատերազմի հետևանքով տուժած մարդկանց ընտանիքների և սիրելիների կողքին և աղոթում ենք ապագայի համար, որը լի է երկու ժողովուրդների ներդաշնակությամբ և խաղաղությամբ:

«Պատվի Շարժումը» հավատում է, որ երիտասարդությունը և արվեստագետները պետք է ընդունվեն որպես խաղաղության գործակալներ՝ ոչ միայն ֆիզիկական բռնության մարտահրավերներին դիմակայելու համար, այլև կառուցվածքային և մշակութային բռնի, ճնշող և հիերարխիկ մարտահրավերները, ինչպես նաև սոցիալական լայն փոփոխությունների գործընթացները ձևափոխելու համար՝ դրանք դարձնելով առավել մասնակցային և ներառական: Հայաստանում նոր  երիտասարդությունը կոչ է անում հայ և ադրբեջանցի երիտասարդությանը և արվեստագետներին աջակցել վերջ տալու բռնություններին՝ զինաթափելով սրտերն ու մտքերը, վերջ դնելով ատելությանը, որպեսզի ի վերջո սկսվի հաշտեցման գործընթացը: