Փրկի՛ր Մշակույթը

Հայաստանը արտակարգ դրություն հայտարարեց 2020թ.-ի մարտին, և վերջերս երկարաձգեց տևողությունը մինչև օգոստոսի կեսը: Անփորձ պետական պաշտոնյաները, տնտեսական, սոցիալ-մշակութային և առողջապահական ոլորտների թերի կառավարումը իրական խոչընդոտ հանդիսացան հետհեղափոխական Հայաստանի Կառավարության համար` համաշխարհային COVID-19 համավարակի պատճառով արտակարգ իրավիճակների ժամանակներում լավ կառավարման փորձության քննությունը հանձնելու համար: Թեև հայկական հանրային քաղաքականությունը, որը կարելի է համարել ոչ թիրախային, կենտրոնանում է առողջության անմիջական հետևանքների վրա, մշակութային կյանքի վրա համավարակի հետևանքներն արդեն դառնում են տեսանելի, իսկ ինչպիսին կլինի հետագա ազդեցությունը շարունակում մնում է անհայտ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը փաստում է. «Այս իրավիճակը հատկապես ազդում է արվեստագետների և նրանց աշխատանքի եղանակների վրա: Չեղարկված համերգները, հետաձգված փառատոները, ալբոմների ձգձգումը, կինոնկարների կասեցված արտադրությունը և փակ կինոթատրոնները. բոլորն էլ ունեն ավերիչ ազդեցություն արվեստագետների կենսապահովման վրա, որոնցից շատերն անկախ աշխատողներ են կամ աշխատում են փոքր և միջին ձեռնարկություններում, որոնք հատկապես խոցելի են ֆինանսական ցնցումների տեսանկյունից: Նույնիսկ սոցիալական ապահովության համակարգ ունեցող երկրները, որոնք ընդգրկում են արվեստագետներին և մշակութային մասնագետներին, ամենայն հավանականությամբ, բախվում են ազդեցությունը մեղմելու դժվարությունների հետ։ Մշակույթի ոլորտը ռիսկային է դառնալու առաջիններից մեկը, որի վրա ազդել է COVID-19 ճգնաժամը, քանի որ հրատապ արձագանքման միջոցառումների առումով այնառաջնահերթ չէ: Երկարաժամկետ հեռանկարում սա կարող է շատ արվեստագետների թողնել անաշխատանք… »:

Հայ արվեստագետները ամիսներ շարունակ բարձրաձայնում են մշակութային ոլորտի իրավիճակի մասին` կազմակերպելով բողոքի ցույցեր և հարցազրույցներ տալով լրատվամիջոցներին: Չնայած նրան, որ ռեստորանները, սրճարանները բաց են արդեն մի քանի ամիս, մշակութային հաստատությունները` թատրոնները, թանգարանները, գրադարանները և զվարճանքի վայրերը շարունակում են մնալ փակ: Իսկ էլեկտրոնային երաժշտության վայրերից մեկում արձանագրվել է ոստիկանության կոպիտ ներխուժման դեպք, այն բանից հետո, երբ Կառավարությունը հանել է սահամանփակումները հյուրանոցային, ռեստորանային և սրճարանային բիզնեսում:

Խտրականությունը բխում է Կառավարության կապիտալիստական մոտեցումներից և մտածելակերպից։ Վերջինս բավարար և համարժեք պատկերացում չունի իրավիճակի մասին։ Կառավարությունը ոչ առևտրային, մասնավորապես արվեստի, մշակույթի և զվարճանքի ոլորտների զարգացումը գերակայություն, փաստացի, չի համարում: Հինգ ամիսների ընթացքում, Կառավարության հակաճգնաժամային քննարկումներում չի եղել անկախ արվեստագետներին աջակցելու վերաբերյալ անգամ մեկ քննարկում։ Կառավարությունն առայժմ ունի ընդամենը մեկ պատասխան, նրանք չեն կարողանում նույնականացնել անկախ արվեստագետներին, քանի որ ՀՀ օրենսդրությամբ չի սահմանում «անկախ արվեստագետ» եզրույթը: Նախ Կառավարությունը կամ Խորհրդարանը պետք է իրավականորեն սահմանեն անկախ արվեստագետ եզրույթը, ապա նոր կտրամդրեն աջակցություն:

«Պատվի Շարժումը» մտավախություն ունի, որ գործող Կառավարությունը, որը հայտնի է դժվարըմբռնելի և չհիմնավորված հակաճգնաժամային ծրագրերով և արտակարգ իրավիճակների ժամանակ ոչ արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքականություններ մշակելով, փորձ է կատարում սահմանափակել արվեստը և մշակույթը՝ օգտագործելով քաղաքացիների՝ հավաքներ իրականացնելու արգելքը: «Պատվի Շարժումը» անընդունելի է համարում արվեստի կարգավորման և սահմանափակման սույն ռազմավարությունը, ինչը հղի է գրաքննությամբ և ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումներով:

«Պատվի Շարժումը» որպես հայ երիտասարդների սոցիալ լիբերալ միություն, հուսով է, որ Կառավարությունն արտակարգ իրավիճակներում կապահովի ոչ խտրական, նպատակային և արվեստի նկատմամբ զգայուն քաղաքականության մշակման մոտեցումներ ու կաջակցի արվեստին և մշակույթին: Մշակույթն ու այլ ոչ առևտրային ոլորտները պետք է գնահատվեն, հարգվեն և աջակցվեն հավասարապես, ինչպես մյուս ոլորտները:

«Պատվի Շարժումը» ՀԿ-ի համար նպատակային է անդերգրաունդ մշակույթի և արվեստի զարգացումը, ուստի մենք միանում ենք հայ արվեստագետների կողմից սկսված «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր մշակույթը» առցանց արշավին և կոչ անում վերաբացել մշակութային վայրերը՝ խստորեն հետևելով հակահամաճարակային կանոններին: Որպես աջակցություն և համերաշխություն այլ արվեստագետների, տաղանդավոր հայ երաժշտական պրոդյուսեր, արվեստագետ The Monolog-ը «Պատվի Շարժումի» համար թողարկել է հատուկ երաժշտական սեթ, որը կոչվում է «save EVN culture» այն կարելի է լսել այստեղ` https://bit.ly/3hdC7RA