Վնվասի նվազեցման քաղաքականության բարեփոխման պահանջ

ՀՀ-ում թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի վերաբերյալ պետական քաղաքականություններն ու օրենսդրությունը շարունակում են մնալ ճնշող և պատժիչ։ Թեև թմրանյութեր և հոգեներգործուն նյութեր օգտագործելն ապաքրեականացված է, այնուամենայնիվ տիրապետելու, պահելու և օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում առաջանում է վարչական կամ քրեական պատասխանատվություն՝ ներառյալ ազատազրկում մի քանի տարով։ 

Գերդոզավորման դեպքերում թմրանյութեր և հոգեներգործուն նյութեր օգտագործող անձիք վախենում են դիմել բժիշկներին կամ զանգահարել շտապ օգնություն, քանի որ զանգն անգամ կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, ինչը շղթայի ձևով կարող է տարածվել նաև զանգահարողի, օգտագործողի և նրանց ծանոթների վրա։ 

Ընդհանուր առմամբ, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը չի բխում մարդու իրավունքներից, քաղաքացու շահերից և առողջությունից։ Անկախ օգտագործած թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի տեսակից և օգտագործման ձևից՝  քիչ չեն նաև անարձագանք գերդոզավորման դեպքերը։ Նման խիստ օրենսդրության պայմաններում քաղաքացիները խուսափում են դիմել բժշկական հաստատություններ՝ կախվածության կամ օգտագործման հետևանքով առաջացած խնդիրների բուժման նպատակով։

ՀՀ Սահմանադրության հոդված 85-ը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք, իսկ ըստ հոդված 86-ի՝  պետության քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը։

Այս առնչությամբ պետք է հատկապես արձանագրել, որ ՀՀ-ում երիտասարդությունը չի համարվում խոցելի խումբ և առհասարակ վնասի նվազեցման ծրագրեր նրանց շրջանում չեն գործում։ Մոտ երկու տարվա մեր ջանքերն ու պայքարը, հանուն երիտասարդության առողջության պահպանման և կրթության, վնասի նվազեցման ծրագրեր սկսելու միջոցով, շարունակում է մնալ անարձագանք։ Տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպություններն ամբողջությամբ անուշադրության են մատնել ՀՀ-ում երիտասարդության կարիքները, մինչդեռ ֆինանսական ռեսուրսների, վնասի նվազեցման ծրագրերի բացակայության և ձևավորված վախի մթնոլորտի  արդյունքում քայքայվում է հայ երիտասարդի առողջությունը։ Այս տարի երիտասարդության շրջանում մենք գրանցել ենք գերդոզավորման անարձագանք 88 դեպք՝ ամառվա ընթացքում շեշտակի աճով, և ունենք  գերդոզավորւմից մահացած մեկ երիտասարդ։ 

«Պատվի շարժումը» կոչ է անում ՀՀ Կառավարությանը  հետամուտ լինել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և Առողջապահության համաշխարային կազմակերպության առաջարկություններին։ Այն է ստեղծել  թմրամիջոցների օգտագործման նկատմամբ հանրային առողջության վրա հիմնված մոտեցում, որը ձգտում է նվազեցնել թմրամիջոցների օգտագործման առողջական, սոցիալական և տնտեսական վնասները՝ հիմնված վստահության, ներառականության, ոչ դատողական վերաբերմունքի, կարիքներին հարմարվելու ճկունության և ծրագրերի պլանավորման, իրականացման և գնահատման գործընթացում թմրանյութ օգտագործող մարդկանց համայնքի ակտիվ մասնակցության արժեքների հիման վրա: Վնասի նվազեցման ծառայությունները պետք է հարգեն այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսիք են գաղտնիությունը, ֆիզիկական և հոգևոր ամբողջականությունը, արժանապատվությունը և ազատությունը կամայական կալանքից:

Միևնույն ժամանակ նշենք, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ չկա վստահություն նաև մեր կազմակերպության կողմից, ինչի վառ ապացույցը՝ երիտասարդ եզդի իրավապաշտպանի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվող հետապնդումն է։ 

«Պատվի շարժումը» ՀԿ-ն՝ իր սակավաթիվ մարդկային և ֆինանսական ռեսուրսներով, սույն կոչն ուղղում է ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլ նաև միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրին, Առողջապահության համաշխարային կազմակերպությանը, Վնասի նվազեցման եվրասիական ասոցիացիային, Թմրանյութեր օգտագործող անձանց եվրասիական ցանցին, դոնոր և իրավապաշտպան կազմակերպություններին,  իրավապաշտպանների անվտանգությամբ զբաղվող կազմակերպություններին՝ մտցնել իրենց օրակարգ հայ երիտասարդների առողջապահական կարիքները և ուշադրության կենտրոնում պահել մեր կազմակերպության և վնասի նվազեցման ակտիվիստների անվտանգությունը։

«Պատվի շարժումը» ՀԿ-ն, լինելով միայնակ այս դժվարին և ռիսկային գործում, շարունակելու է պայքարել հանուն երիտասարդների շրջանում վնասի նվազեցման իրավահեն և կարիքահեն քաղաքականությունների ընդունման և ծրագրերի հասանելիության համար՝ անկախ դրա ռիսկայնությունից և ունեցած ռեսուրսների ծավալից։