Նպաստելով երիտասարդների իրավունքներին ու ազատություններին

Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը:  1948 թ. դեկտեմբերի 10-ին նոր կազմավորված Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան, Փարիզի Շայլոթ պալատում ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (ՄԻՀՀ):

Էլեոնորա Ռուզվելտը՝ ՄԱԿ -ի  Մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին նախագահը, որը ղեկավարում էր Հռչակագրի մշակումը, հայտարարում էր, որ այն «ամենուր կարող է դառնալ միջազգային ազատությունների մեծ խարտիա բոլոր մարդկանց համար։ 1995 թ. հոկտեմբերի 5-ի ելույթում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը ՄԻՀՀ-ն անվանեց «մեր ժամանակների մարդկային խղճի բարձրագույն դրսևորումներից մեկը»

2017թ․-ի հունիսի 22-ի՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված թիվ A/HRC/RES/35/14 երիտասարդություն և մարդու իրավունքների բանաձևի համաձայն, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը 2018թ.-ի հունիսի 28-ին հրապարակել է երիտասարդության և մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց: Զեկույցը նկարագրում է խտրականությունն ու  դժվարությունները, որոնց բախվում են ՄԱԿ անդամ երկրների երիտասարդները՝ իրենց քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների իրացման ժամանակ: Հայաստանում Երիտասարդության իրավունքների մասին բարձրաձայնողները շատ չեն, իսկ երիտասարդների իրավունքների պաշտպանությունը, թերևս մտորելու տեղիք է տալիս: Այսօրվա խորհրդի կապակցությամբ առանձնացրել ենք ՄԱԿ-ի մի քանի դիտարկում, որոնք արդիական են նաև Հայաստանի համար

  • Մասնակցություն. Երիտասարդները շատ քիչ են ներկայացված քաղաքական ինստիտուտներում։ Բացի այդ, պատգամավորի և հատկապես բարձր պաշտոնների համար թեկնածությունների առաջադրումների տարիքը չի համապատասխանում է քվեարկության իրավունքի նվազագույն տարիքին:
  • Կրթությունից աշխատանք անցում. երիտասարդների գործազուրկ լինելու հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, քան մեծահասակները: Երիտասարդները աշխատանքի ընդունվելիս բախվում են աշխատանքային անբարենպաստ պայմանների կամ աշխատում սևով: Որոշ դեպքերում երիտասարդների աղքատությունը պայմանավորված է նաև նրանով, որ նրանք ստանում են սահմանված նվազագույնից ցածր աշխատավարձ, ինչը խախտում է հավասարարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրության սկզբունքը։
  • Առողջապահության հասանելիություն: Երբ սեռական վերարտադրողական առողջության կամ թմրանյութերի վերաբերյալ տեղեկություն չկա, երիտասարդները չեն կարող միջոցներ ձեռնարկել՝ կանխելու անցանկալի հղիությունը և պաշտպանվելու սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից կամ պահպանելու իրենց հոգեկան և հուզական առողջությունը:
  • Խղճի նկատառումներից ելնելով զինծառայությունից հրաժարվելը. չնայած միջազգային իրավագիտակցության աճին և մարդու իրավունքների միջազգային շրջանակի առաջարկություններին, որոշ պետություններ չեն ճանաչում կամ լիովին չեն իրականացնում զինվորական ծառայությանը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը:
  • Խոցելի երիտասարդներ. Երիտասարդ միգրանտները, ներառյալ ապաստան հայցողները և փախստականները, իրավական խնդիրներ ունեցող երիտասարդները հաշմանդամություն ունեցող երիտասարդները, ԼԳԲՏ անձիք, երիտասարդ կանայք և աղջիկները, բախվում են լրացուցիչ մարտահրավերների՝ պայմանավորված իրենց ինքնությամբ: Ինքնությունը մի հատկանիշ է, որը հաճախ խորացնում է այլ հիմքերով խտրականությունը՝ դրանով իսկ զրկելով բազմաթիվ երիտասարդների հավասար հնարավորություններից և հիմնարար հավասարությունից:

Հայաստանի իշխանություներն ազգային մակարդակով պետք է գործողություններ ձեռնարկեն ապահովելու երիտասարդների իրավունքների պաշտպանությունն ու իրականացումը, միաժամանակ ներգրավելով երիտասարդների և երիտասարդների կողմից ղեկավարվող կազմակերպություններին քաղաքականությունների, ծրագրերի և ռազմավարությունների նախագծման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման գործում, ինչն ուղակիորեն ազդում է երիտասարդների իրավունքների, ինչպես նաև ընդհանրապես որոշումների կայացման գործընթացների վրա։